Please enter a searchword.

Բացահայտե'ք Հայաստանի վայրի բնությունը, հետևե'ք «Բնախույզներին»

ցՀուլիսի 2-ից բոլոր հեռուստադիտողներին ամեն շաբաթ օր` ժամը 17:20-ին, հրավիրում ենք Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ (Առաջին ալիք) դիտելու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Բնախույզները» հեռուստածրագիրը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մշակված ծրագիրը Հայաստանում նկարահանված և հեռարձակված վայրի բնության վերաբերյալ առաջին ռեալիթի հեռուստաշոուն է:

Տասը մասերից բաղկացած հեռուստածրագրի ընթացքում վեց պատանիներ կփորձեն իրենց ֆիզիկական և մտավոր ուժերը` հաղթահարելով Հայաստանի վայրի բնության գրկում գոյատևելու դժվարությունները: Այս ճամփորդության ընթացքում վեց պատանիները պետք է ոչ միայն արագահոս գետեր անցնեն ու բարձր սարեր մագլցեն, այլև կարողանան ճանաչել բույսերն ու հետևել հազվագյուտ կենդանիներին: Բացի այդ, նրանք նորովի կբացահայտեն տարածքի պատմամշակութային վայրերն ու ավելի խորը գիտելիքներ կստանան իրենց նախնիների հավատալիքների և մշակույթի մասին:

Ընդհանուր առմամբ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նոր հեռուստածրագրի նպատակն է խրախուսել հայ պատանիներին և երիտասարդներին` բացահայտելու իրենց երկրի բնության և մշակութային եզակի ժառանգությունն ու ակտիվ դերակատարություն ստանձնելու դրա պահպանության գործում: Ավելին, ծրագրի հեղինակները հույս ունեն հպարտության և սեփականության զգացում սերմանել երիտասարդների շրջանում տեղական բնական գանձերի և հայկական պատմամշակութային արմատների նկատմամբ:

«Բնախույզների» եզակի առանձնահատկությունը «Երիտասարդները երիտասարդների համար» մոտեցումն է, քանի որ ծրագրում ընդգրկված կարճամետրաժ ֆիլմերի, հարցազրույցների և ռեպորտաժների մեծ մասը պատրաստված է երիտասարդների, պատանիների կողմից կամ նրանց մասնակցությամբ. նրանք են առաջարկել թեմաները, օգնել նկարահանող խմբին, կատարել անհրաժեշտ հետազոտությունները:

Քանի որ «Բնախույզները» ծրագիրը հեռարձակվելու է նաև արբանյակային հեռուստատեսությամբ, այն մատչելի կլինի նաև ամբողջ աշխարհի ծագումով հայ երիտասարդներին: Այս ծրագիրը երիտասարդ սփյուռքահայերին կծանոթացնի իրենց հայրենիքի բնության և մշակութային եզակի ժառանգությանը և հնարավորություն կընձեռի զգացմունքային կապ հաստատել հայրենիքի հետ: Բացի այդ, ծրագրի միջոցով նախատեսվում է նաև հնարավորություն տալ սփյուռքահայ երիտասարդներին կապ պահպանելու Հայաստանի իրենց հասակակիցների հետ և մոտիկից ծանոթանալու նրանց կյանքին, խնդիրներին, պահանջներին և գործունեությանը:

Ի վերջո, «Բնախույզները» ծրագիրը կփորձի գրավել երիտասարդներին` տարածելով այն գաղափարը, որ Հայաստանի երիտասարդ սերունդը պատրաստ է ստանձնել իր հայրենիքի եզակի բության պահպանման պատասխանատվությունը:

«Արևորդի» TV-ն և դրա ինտերակտիվ վեբկայքը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագիծն է: «Արևորդի» TV-ն հայ երիտասարդության մեջ բնապահպանական կրթության տարածմանն ուղղված հերթական նախաձեռնությունն է: